Բաքվում հայ գերիների նկատմամբ շարունակվող ապօրինի դատավարության ընթացքում Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը և Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը միջնորդել են վկաների հարցաքննել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ նրանց՝ Մանուկյանը խնդրել է դատարանին որպես վկա կանչել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կամ տեսազանգի միջոցով նրանից ցուցմունքներ ստանալ։ Բաբայանը միջնորդել է դատավորին որպես վկաներ ներգրավել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, մասնավորապես՝ դեսպան Անջեյ Կասպրշիկին և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։
Իշխանյանը խնդրել է որպես վկա կանչել Արցախում ժամանակին տեղակայված ռուսական զորակազմի 6 գեներալի։ Դատարանը մերժել է նրանց միջնորդությունները՝ նշելով, որ այդ մարդիկ «որևէ կապ չունեն դատարանում քննվող մեղադրանքների հետ»։
Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա։ Հունվարի 17-ին սկսվել էին Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների դատավարությունները: Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։






































