Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ռուսաստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը և դրան նախորդած հայտարարությունները՝ Արցախի վերաբերյալ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ «Վեստի» հեռուստաալիքին տված հարցազրույցին, ուր նա մեկնաբանել էր ՀՀ և ՌԴ ղեկավարների հանդիպմանը քննարկված հարցը, թե առաջինը ո՞ր կողմը՝ Ռուսաստա՞նը, թե՞ Հայաստանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս:
Արցախն օկուպացրած Ադրբեջանը ռուսական կողմին ուղղված արձագանքում նշել է, թե «ղարաբաղյան տարածաշրջանն Ադրբեջանի անբաժանելի մասն է»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դիվանագիտական ուղիներով ՌԴ նախագահի վարչակազմին, կառավարությանը և Արտաքին գործերի նախարարությանը փոխանցվել է իր դիրքորոշում՝ ակնկալելով, որ «Ղարաբաղի տարածաշրջանը քաղաքական շահարկումների առարկա դարձնելն անթույլատրելի է»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ հայտարարություննեը դադարեցնելու կոչ է արել ռուսական կողմին՝ շեշտելով, որ «դրանք հնչում են այն ժամանակահատվածում, երբ ռուս-հայկական հարաբերությունները շարունակում են բարդ մնալ»։
Փաշինյանն ու Պուտինը Մոսկվայում քննարկել էին տնտեսական համագործակցությունը, ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները, խորհրդարանական ընտրությունները և Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացը։
Հանդիպման բաց հատվածը տևել էր մոտ 40 րոպե, փակ հատվածը՝ մոտ 2 ժամ։ Գնահատելով հանդիպման արդյունքները՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Փաշինյանը Մոսկվայում հանդես է եկել անկախ և ինքնիշխան պետության դիրքերից։ Ռուսական կողմից Պեսկովը զրույցն անվանել էր անկեղծ, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Երևանն ըմբռնումով է մոտեցել Մոսկվայի մտահոգություններին։






































