Արցախի քաղաքական ու հասարակական մի խումբ գործիչներ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդից խնդրել են քննարկել Արցախի թեմի առաջնորդ Վրթանես արքեպիսկոպոս Աբրահամյանին փոխելու հարցը, տեղեկանում ենք տարածած հայտարարությունից։
Ըստ բաց նամակի՝ արքեպիսկոպոս Աբրահամյանը «լիովին կորցրել է Արցախի հավատացյալ ժողովրդի վստահությունը, և իր իսկ բռնած ճանապարհի պատճառով այլևս չունի որևէ բարոյական հիմք՝ շարունակելու առաջնորդել դավաճանված Արցախի հայոց թեմը»։
«Խիստ մտահոգիչ և անասելի վիրավորական էր բոլորիս համար տեսնել, թե ինչպես է նա, խախտելով մեր Սուրբ եկեղեցու օրենքները, փաստացի ըմբոստացել ազգընտիր և օծյալ հայրապետի դեմ, ով մշտապես իր անքակտելի ուշադրության կենտրոնում է պահել ու պահում Արցախ աշխարհի և արցախահայության խնդիրները՝ հանդես գալով մեր իրավունքների պաշտպանության կարևորագույն նախաձեռնություններով, այդ թվում՝ միջազգային բարձր հարթակներում»,- շեշտել են նրանք։
Ստորագրյալների խոսքով՝ առաջնորդը կոչմանը հակընդդեմ գործողություններ է կատարում՝ հարգանքի ու պատվի է արժանացնում «Արցախն իր վանքերով, եկեղեցիներով, խաչքարերով, գերեզմաններով ու սրբավայրերով թշնամուն հանձնելու քաղաքական որոշման թիվ մեկ պատասխանատուին՝ փաստացիորեն միանալով վերջինիս հակաեկեղեցական սրբապիղծ արշավին»։
«Առանձնապես ցավալի է, որ մեր հավատավոր ժողովրդի բազում դիմումներին ի պատասխան՝ նա մինչ օրս ոչ միայն չի զղջացել և ներողություն չի հայտնել արցախահայությանը, այլ նույնիսկ խուսափում է սեփական հայրենակիցների ու հավատավոր հոտի հետ հանդիպումներից, չի պատասխանում հեռախոսազանգերին, ցուցաբերում է բացահայտ անհարգալից վերաբերմունք իրեն հանձնված համայնքի նկատմամբ»,- նշել են նրանք։
Վրթանես եպիսկոպոսն այն 8 բարձրաստիճան հոգևորականների խմբում էր, որոնք նոյեմբերի 28-ին կառավարությունում հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումից հետո 10 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Արցախցիները քննադատել էին թեմի առաջնորդի այդ քայլը:





































