Վրաստանը հայտարարել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովին մասնակցությունը դադարեցնելու մասին՝ մեղադրելով Եվրախորհրդարանին քաղաքական ճնշման և կողմնակալության մեջ: Այս մասին Грузия Online-ի փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանը ««Եվրանեսթի» հարթակը վերածել է շանտաժի և նեղ քաղաքական օրակարգի պարտադրման գործիքի», իսկ վեհաժողովի կողմից ընդունված բանաձևերը պարունակում են «անընդունելի և վիրավորական» ձևակերպումներ։ Մասնավորապես, դրանցից մեկում Վրաստանում կայանալիք 2024 թվականի խորհրդարանական ընտրություններն անվանվել են «կեղծված», իսկ գործող իշխանություններին՝ «ինքնահռչակ»։
Պապուաշվիլին ընդգծել է, որ նման հայտարարությունները «վիրավորում են վրացական հասարակությունը» և անտեսում օրենքի գերակայությունը՝ ոստիկանության վրա հարձակումների համար դատապարտվածներին անվանելով «քաղաքական բանտարկյալներ»։
Թբիլիսին հայտարարել է, որ «Եվրանեսթ» վերադառնալը հնարավոր է միայն այն դեպքում, եթե «գոյություն ունենան կառուցողական երկխոսության պայմաններ», և Եվրախորհրդարանը հրաժարվի «թշնամական մոտեցումներից»։
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը միավորում է Եվրոպական խորհրդարանի և Արևելյան գործընկերության երկրների (Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Մոլդովա և Ուկրաինա) անդամներին և ծառայում է որպես քաղաքական և տնտեսական համագործակցության քննարկման համար հարթակ։
Երևանում հոկտեմբերի 28-30-ն ընթանում էր «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը, որը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։






































