Վրաստանի հետ 2024 թվականին ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ քաղաքական երկխոսությունը կասեցնելու որոշումը կայացրել են ոչ թե վրացական իշխանությունները, այլ Բրյուսելը, հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին։
Նա հավելել է, որ Վրաստանը պատրաստ է վերսկսել երկխոսությունը ԵՄ-ի հետ, սակայն կարևոր է, որ Բրյուսելը վերադառնա 2014 թվականին ստորագրված Ասոցացման համաձայնագրի իրականացման ուղուն։
2024 թվականի մայիսին Վրաստանի խորհրդարանն ընդունել էր «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, և երկրի հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ սկսել էին վատթարանալ։ Եվրամիությունը բազմիցս կոչ էր արել Վրաստանի իշխանություններին հրաժարվել այս օրենքից, սակայն իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդները մշտապես պնդում էին, որ օրենքի նպատակն է ապահովել Վրաստանում գործող ՀԿ-ների ֆինանսական հոսքերի թափանցիկությունը, որոնցից մի քանիսը փորձում էին կազմակերպել ընտրությունները։
2024 թվականի հոկտեմբերի 26-ին «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթել էր խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների 53,93%-ը և ստանալով օրենսդիր մարմնի 150 տեղերից 89-ը։ Նույն թվականի նոյեմբերի 28-ին «Վրացական երազանքը» որոշել էր կասեցնել ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները մինչև 2028 թվականը և հրաժարվել Եվրամիության բոլոր բյուջետային դրամաշնորհներից։
Հունվարին Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը Եվրամիությունից սպասում է ներողության՝ 2025 թվականի հոկտեմբերի 4-ին պետական հեղաշրջման փորձին աջակցելու կապակցությամբ: Փետրվարի 27-ին Թբիլիսին մեղադրել էր ԵՄ-ին «գաղութային մտածելակերպի» և շանտաժի մեջ։





































