Մայր Աթոռում նոյեմբերի 25-ին տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովի ժամանակ ՀԱԵ վերնախավը կոշտ դիրքորոշում է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին վերաբերվող հատվածը պատարագից զեղչելու դեպքերին և սպառնացել կարգալուծությամբ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Վայոց ձորի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները, որոնք մասնակցել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին և թույլ էին տվել հանել այդ հատվածը, ներկա էին ժողովին։ Նրանք, ըստ թերթի, «խեղճացած» են և հասկացել են իրենց սխալը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ վերջին ժամանակահատվածում Գարեգին Երկրորդը գրեթե ամենօրյա ռեժիմով առանձին զրույցներ է ունենում բոլոր սրբազան հայրերի հետ, հորդորում է չտրվել իշխանական սադրանքներին։
Լրատվականի տվյալներով՝ եպիսկոպոսաց ժողովը «դաստիարակչական» բնույթ է կրել այն սրբազանների խմբի համար, որոնք սատարել են Փաշինյանին և ամեն բան անում են եկեղեցու ներսում լարվածություն ստեղծելու համար:
Ավելի վաղ Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականները դատապարտել էին Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում պատարագ մատուցած Տեր Երվանդ քահանա Բաբայանի կողմից Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը չհնչեցնելը։ Վերջին պատարագը, որին մասնակցել էր Փաշինյանը, տեղի էր ունեցել նոյեմբերի 23-ին։ Քահանա Բաբայանն Արարատ գյուղ էր ուղարկվել Մասյացոտնի թեմից։




































