Աշխատանքային այցով Թուրքիայում գտնվելիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պաշտոնապես հրավիրել եմ մասնակցելու 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, և հույս ունեմ, որ այդ հրավերը կընդունվի, «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագրով համաժողովին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա այսպես է պատասխանել թուրք լրագրողի հարցին, թե ի՞նչ առաջընթաց կա հայ-թուրքական հարաբերություններում։
Վարչապետի խոսքով՝ տարածաշրջանային առումով Հայաստանում բացառիկ իրավիճակ է, երբ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ինստիտուցիոնալ կապ է հաստատվել:
«Ադրբեջանի և Թուրքիայի հետ ունենք ինստիտուցիոնալ մշտական հաղորդակցություն, և սա կարևորագույն նորություն է»,- շեշտել է նա։
Փաշինյանի համոզմամբ՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները հաճախ նույնացվում են հայ-թուրքական հարաբերությունների հետ, սակայն դրանք տարբեր են։
«Մինչև հիմա մեր խոսույթում՝ հայաստանյան խոսույթում, այդ թվում՝ ես, երևի չնկատելով, շատ հաճախ օգտագործում ենք հայ-ռուսական, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններ, որը չի արտահայտում այն բովանդակությունը, որի մասին խոսում ենք, որովհետև հայ-թուրքական հարաբերություններն այլ են, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները՝ այլ, այնպես չէ, որ դրանք համընկման տեղեր չունեն, բայց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունն ուրիշ բան է, հայ-ադրբեջանական հարաբերությունը՝ ուրիշ»,- պարզաբանել է նա։
Երկրի ղեկավարի խոսքով՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները գտնվում են ճիշտ ուղու վրա։
«Իմ գնահատմամբ՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանի բացումը, ժամանակի հարց են: Ես վերահաստատում եմ դա, որովհետև գտնվում ենք ճիշտ ճանապարհի վրա։ Այստեղ խնդիրն այդ ճանապարհն անցնելու արագությունն է։ Եվ պիտի արձանագրենք, որ այդ ճանապարհի վրա ազդում են ոչ միայն երկու երկրներում առկա քաղաքական կամքը, այլև որոշակի գրավիտացիոն գործոններ»,- ընդգծել է Փաշինյանը։
Փաշինյանը 2023 թվականին ժամանել էր Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը: 2025 թվականի ամռանը նա աշխատանքային այցով էր մեկնել Թուրքիա:
Վերջին անգամ Հայաստանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա էր մեկնել ապրիլին՝ մասնակցելու Անթալիայի տնտեսական ֆորումին։



































