Հայաստանի իշխանությունները գերազանցում են իրենց լիազորությունները՝ սպառնալով և հարձակվելով Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) վրա, որն իրավաբանորեն անջատ է պետությունից, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խորհրդական, ավագ քահանա Նիկոլայ Բալաշովը։
Բալաշովի խոսքով՝ հայ ժողովուրդը հարգում է եկեղեցին և չի լիազորել վարչապետ Նիկոլ Փաշինյանին բարեփոխումներ իրականացնել դրա ներսում։
«Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ ներկայիս կառավարության ղեկավարը որոշել է անհավասար պայքար մղել ազգային հոգևոր արժեքների դեմ և այդ նպատակով դիմում է եկեղեցու առաջնորդների ու, ընդհանրապես, հոգևորականների հանդեպ հալածանքների և վիրավորանքների, հոգևորականների ձերբակալությունների, ինչպես նաև եկեղեցական շինությունները բռնագրավելու սպառնալիքների»,- ասել է նա։
Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչը չի բացառել, որ հակաեկեղեցական արշավը կարող է տեղի ունենալ արտաքին ուժերի ազդեցության ներքո։ Նա ընդգծել է, որ Հայ Առաքելական եկեղեցուց պետական եկեղեցիները բռնագրավելու Փաշինյանի սպառնալիքները խախտում են Հայաստանի սահմանադրությունը, որը երաշխավորում է եկեղեցական ինքնավարություն և կրոնի ազատություն։
Բալաշովը նաև հիշեցրել է, որ ՀՀ սահմանադրության համաձայն՝ պետությունը «պետությունը պարտավորվել է ճանաչել «Հայ Առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը որպես ազգային եկեղեցի՝ հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ինքնատիպության պահպանման գործում»։
Նա հավելել է, որ եկեղեցու վրա հարձակումները հակասում են հայ ժողովրդի պատմական ու հոգևոր ավանդույթներին և «անխուսափելիորեն հանգեցնում են հավատքի դեմ պայքարողների պարտության»։
Մայիսի 29-ից սկսած Փաշինյանը սոցիալական ցանցերում մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։
Փաշինյանը հոկտեմբերի 22-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանին մեղադրանքների նոր ալիք էր բարձրացրել Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության հասցեին և հայտարարել, որ «կյանքը կդնի՝ եկեղեցին սեռական մոլագարներից ազատելու համար»։ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդգծել էր, որ եկեղեցին անսասան է իր առաքելության մեջ՝ չնայած իշխանությունների հակաեկեղեցական գործողություններին:




































