Բարձրագույն դատական խորհրդում հոկտեմբերի 2-ին անցկացված քրեական մասնագիտացման դատավորների հավակնորդների քննությանը մասնակցել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Կարլեն Գրեյանը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկությամբ՝ նա վաղուց է ցանկացել դատավոր դառնալ, բոլորին պատմել է իր երազանքի մասին։
Գրեյանն ԱԺ նախագահի օգնական է նշանակվել 2024 թվականի հունիսին, սակայն նրան գրեթե ոչ ոք չի ճանաչում, նրան չեն տեսել ո՛չ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները, ո՛չ էլ քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Դեռ հայտնի չէ՝ անցե՞լ է արդյոք Գրեյանը որակավորման հաջորդ փուլ, թե՞ ոչ, գրել է թերթը։
Ըստ ԲԴԽ կայքի 2021 թվականի հրապարակման՝ Գրեյանը 2021 թվականին ևս մասնակցել է դատավորների որակավորման գրավոր քննությանը, հավաքել է 46 միավոր և չի անցել հարցազրույցի փուլ, քանի որ անցողիկ միավորը 60-ն էր։ Սա, փաստորեն, նրա՝ դատավոր դառնալու երկրորդ փորձն է։




































