Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն «անհիմն» է որակել Քաղաքի օրվա տոնակատարության չեղարկման մասին լուրը՝ նշելով, որ այն տեղի կունենա, հայտնում են Գյումրիի քաղաքապետարանից:
«Հաշվի առնելով բնակիչների սպասումներն ու ավանդույթները՝ տոնակատարությունը անպայման կկայանա, և քաղաքը կնշի Գյումրիի օրն իր ավանդական տոնակատարությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Ղուկասյանը նշել է, որ տոնակատարության հետ կապված «որոշ հարցեր ժամանակավորապես հետաձգվել են միայն այն պատճառով, որ քաղաքապետարանի մշակույթի վարչությունը չի ներկայացրել լիարժեք ֆինանսական հաշվետվություն»: Ղուկասյանը նշել է, որ վարչության պետն արդեն նկատողություն է ստացել:
Ավելի վաղ Գյումրիի ավագանու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը հայտարարել էր, որ խորհուրդը, քաղաքապետի նախաձեռնությամբ, չեղարկել է քաղաքի ամենամյա տոնակատարությունը: Մինասյանը հայտարարել էր, որ իր խմբակցությունը դեմ է այս նախաձեռնությանը և մտադիր է հրավիրել արտահերթ նիստ՝ չեղարկումը քննարկելու համար:






































