ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Չինաստան այցի, նրա հետ ռազմավարական համագործակցության ստորագրման, «Թրամփի երթուղի» (TRIPP ) նախագծի շուրջ այդ երկրի հետաքրքրվածության ու միաժամանակ և՛ Չինաստանի, և՛ ԱՄՆ-ի հետ համագործակցելու Հայաստանի հնարավորության մասին Armenia Today-ը զրուցել է քաղաքագետ Դավիթ Հարությունովի հետ։
Ըստ նրա՝ Թրամփի երթուղին կարող է լինել մեր տարածաշրջանում չինական և ռուսական ակտիվությանը հակազդելու ԱՄՆ ջանքերի մի մասը: Բացի այդ, ըստ փորձագետի, ուժի կենտրոնների միջև մանևրելը և հավասարակշռությունը միշտ էլ հանդիսացել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական բաղադրիչը:
«Այնուամենայնիվ, այս մանևրման շրջանակում տարբեր խաղացողների հարաբերական ազդեցությունը ենթարկվել է փոփոխությունների»,- նշել է փորձագետը։
Ամբողջական հարցազրույցը ներկայացնում ենք ստորև՝
- Ինչո՞ւ է Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական երկխոսությունը հնարավոր դարձել հիմա։
- Հայաստանի իշխանությունները հետաքրքրված են Չինաստանի հետ շփումներով՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական պատճառներով: Վերջինի դեպքում Երևանը հիմնականում ձգտում է պահպանել տարբեր ուժային կենտրոնների միջև մանևրելու և հավասարակշռություն պահպանելու իր կարողությունը՝ հաշվի առնելով, որ Վաշինգտոնի համաձայնագրերից հետո այս հավասարակշռությունը տեղաշարժվել է Միացյալ Նահանգների օգտին: Ռուսաստանի և Չինաստանի գերիշխող Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) անդամակցելու Հայաստանի ձգտումները նույնպես կապված էին հավասարակշռությունը պահպանելու այս նույն նպատակի հետ։
Ավելին, Փաշինյանի՝ Չինաստան կատարած այցի ժամանակ Երևանը հստակորեն ձգտում էր կարգավորել Պեկինի հետ հարաբերությունները, որոնք նախկինում սառեցվել էին, ինչն արտացոլվում էր Հայաստանում Չինաստանի նոր դեսպանի նշանակման երկարատև հետաձգմամբ: Այս սառեցման պատճառներից մեկը, ամենայն հավանականությամբ, Երևանի շփումներն էին Թայվանի հետ, և ուշագրավ է, որ ռազմավարական գործընկերության վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ հայկական կողմը հստակորեն վերահաստատեց իր աջակցությունը Պեկինի դիրքորոշմանը Թայվանի հարցում։
- Արդյոք Չինաստանը հետաքրքրվա՞ծ է «Թրամփի երթուղի» (TRIPP) նախագծով:
- Չինաստանն, ընդհանուր առմամբ, հետաքրքրված է հաղորդակցության նախագծերով, այդ թվում՝ մեր տարածաշրջանի միջոցով, սակայն Պեկինի ռազմավարությունն այս առումով հիմնված է ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից չվերահսկվող երթուղիներ ստեղծելու ցանկության վրա: Այս առումով՝ TRIPP նախագիծը հստակորեն չի համապատասխանում այս մոտեցմանը։ Իրոք, դա կարող է լինել մեր տարածաշրջանում չինական և ռուսական ակտիվությանը հակազդելու ԱՄՆ ջանքերի մի մասը: Միևնույն ժամանակ, Հայաստանը շահագրգռված է նախագծում ներգրավել որքան հնարավոր է շատ խաղացողների, բայց դեռևս պարզ չէ, թե ինչպե՞ս կարող է Երևանը խուսափել Պեկինի և Վաշինգտոնի միջև այս հարցում հակամարտություններից։
-Ինչպե՞ս կարող է Հայաստանը լինել ռազմավարական գործընկեր և՛ ԱՄՆ-ի, և՛ Չինաստանի համար։
- Ուժի կենտրոնների միջև մանևրելը և հավասարակշռությունը միշտ հանդիսացել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական բաղադրիչը: Այնուամենայնիվ, այս մանևրման շրջանակներում տարբեր խաղացողների հարաբերական ազդեցությունը ենթարկվել է փոփոխությունների: Վերջին տարիներին արևմտյան ազդեցությունն զգալիորեն աճել է, բայց Հայաստանը պահպանում է տնտեսական և քաղաքական կապերը Ռուսաստանի հետ՝ մասնակցելով Մոսկվայի գլխավորած մի շարք ասոցիացիաների, այդ թվում՝ պահպանելով, թեև ձևականորեն, անդամակցությունը ՀԱՊԿ-ին:
Ընդհանուր առմամբ՝ միջազգային պրակտիկայում կան այլ երկրների օրինակներ, որոնք հակառակորդ պետությունների հետ պահպանել են ռազմավարական կապեր: Երևանը կարող է հետապնդել նման ծրագիր, բայց ժամանակը ցույց կտա, թե արդյոք Հայաստանի իշխանությունները կկարողանա՞ն դա իրականացնել Վաշինգտոնի համաձայնագրերից հետո առաջացած պայմաններում:
Հայաստանի և Չինաստանի միջև օգոստոսի 31-ին հաստատվել էր ռազմավարական գործընկերություն, ինչի մասին Թիենծին քաղաքում ընդունվել էր համատեղ հայտարարություն Փաշինյանի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպման արդյունքում։
Օգոստոսի 28-ին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել Չինաստանի հետ ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր ստորագրելու առաջարկությանը։ Երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը 2025-ի առաջին չորս ամիսներին կազմել էր 58%։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի:
Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:
Արաքսյա Սնխչյան




































