Հայաստանի կառավարությունն օգոստոսի 28-ի նիստում հավանություն տվեց «ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» համաձայնագիր ստորագրելու առաջարկությանը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախագծում նշվում է, որ համաձայնագիրը հնարավորություն կտա կարգավորել երկու երկրների միջև ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների իրականացման գործընթացը:
ՏԿԵ նախարարությունում հավելել են, որ Հայաստանի և Չինաստանի միջև այժմ կանոնակարգված չէ ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների բնագավառը, ինչը խոչընդոտում է երկու երկրների միջև փոխադրումների իրականացմանն ու տնտեսական համագործակցությանը:
«Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ տնտեսական և գործարար կապերի խթանմանը, ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումների ոլորտի զարգացմանը, միջազգային տրանսպորտային միջանցքների շրջանակներում համագործակցության ընդլայնմանը»,- ասված է նախագծում։
Հունիսին Չինաստանի ԱԳ նախարար Վան Յին հայտարարել էր, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը 2025-ի առաջին չորս ամիսներին կազմել է 58%։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել էր, որ 2024 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 700 մլն դոլարով։


































