«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով շարունակել դիվանագիտական ազդեցությունը և լիազորությունները՝ Ադրբեջանում պահվող հայ պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումն ապահովելու նպատակով։
Նա իր նամակում, մասնավորապես, գրել է, որ ոգևորված է Բաքվում պահվող 23 հայ քրիստոնյաների մասին արած նրա հայտարարությամբ։
«Այս անձինք, ինչպես նաև հայ այլ պատանդներ, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարներ և համաշխարհային ճանաչում ունեցող հայ բարերար Ռուբեն Վարդանյանը, անօրինական կերպով կալանավորված են գրեթե երկու տարի՝ միջազգային իրավունքի խախտմամբ։ Նրանց ազատ արձակումը մնում է կարևորագույն մարդասիրական հարց, որը կապված է ավելի լայն և անկեղծ խաղաղության գործընթացի հետ»,- նշել է Թանդիլյանը։
Կուսակցության ղեկավարն ԱՄՆ նախագահին խնդրել է օգտագործել իր լիազորությունները՝ ապահովելու պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։
«Ձեր առաջնորդությունն այս հարցում կարող է զգալիորեն առաջ մղել արդարադատությունը և բարի կամքը՝ ամրապնդելով խաղաղության համաձայնագրի հիմքը և ապահովելով այդ անձանց անվտանգ վերադարձն իրենց ընտանիքներ»,- շեշտել է նա։
Թանդիլյանը, հրապարակելով նամակի տեքստը, նշել է, որ յուրաքանչյուր հայ կարող է նմանատիպ նամակ ուղարկել՝ ցույց տալով հայ ժողովրդի պատասխանատվությունը գերեվարված հայրենակիցների նկատմամբ։
Օգոստոսի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքում հայտարարել էր, որ քանի դեռ հայ գերիներին ազատ արձակելու վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, կարծում է, որ արդյունք չի լինի: Օգոստոսի 18-ին Փաշինյանն անդրադարձել էր խաղաղության համաձայնագրի նախագծում Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցի բացակայությունը՝ ասելով, որ 2022 թվականից ի վեր Հայաստանի իշխանությունները «լրջագույն ջանքեր» են գործադրել այս կետը համաձայնագրի տեքստում ներառելու համար, բայց որոշել են դա չանել, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե գերիների վերադարձի հարցը կորոշվի համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո։
Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա։ Հունվարի 17-ին սկսվել էին Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների դատավարությունները: Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։
Նրանց թվում Արցախի նախկին ղեկավարներն են։ 2023-ի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանություններն առևանգել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։






































