Հայաստանի հանրապետական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտն անվանելով «օրվա կառավարիչների կողմից միակողմանի հակապետական զիջողականության արդյունք՝ կրկնակապիտուլյացիա»։
ՀՀ-ն պահանջում է անհապաղ հրապարակել խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը, ինչպես նաև հայտարարում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի անունից նման պայմանագրեր ստորագրելու մանդատ և լեգիտիմություն չունի։
«Արձանագրում ենք, որ ՀՀ քաղաքացիների համար անընդունելի է ուժի գործադրման բացահայտ սպառնալիքով բանակցությունների ցանկացած արդյունք, և այն չի կարող ապահովել արդար և երկարաժամկետ խաղաղություն տարածաշրջանում։ Անընդունելի ենք համարում առանց միջազգային միջնորդների և առանց անվտանգության միջազգային երաշխիքների փաստաթուղթը»,- ասվում է հայտարարությունում։
Կուսակցությունն անթույլատրելի է համարում ՀՀ գործող Սահմանադրության՝ արտաքին ճնշման տակ իրականացվող փոփոխությունը, որը «հարցականի տակ է դնելու Հայաստանի երրորդ Հանրապետության պատմությունն ու գոյությունը»։
«Վերահաստատում ենք, որ միջազգային դատարաններում հայցերից հրաժարումն ադրբեջանական հերթական ուլտիմատումի հնազանդ կատարում է։ Ընդգծում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման կենսական վտանգավորությունը, ինչպես նաև դատապարտում ենք Բաքվում հայերի նկատմամբ իրականացվող շինծու դատական գործընթացի վերաբերյալ Հայաստանի այսօրվա կառավարիչների կրավորական կեցվածքը և անգործությունը»,- նշված է հայտարարությունում:
Ըստ ՀՀԿ-ի՝ համապարփակ պայմանագիր ներկայացվող փաստաթղթի շուրջ բանակցությունների ավարտի հայտարարմանը զուգահեռ՝ ադրբեջանական կողմը շարունակում է այսպես կոչված «միջանցքի» տրամադրման, ՀՀ ապառազմականացման, նոր ագրեսիայի վերաբերյալ և ՀՀ գոյության դեմ ուղղված այլ ռազմատենչ հայտարարություններ անել։
«Արտաքին որոշ ուժերի կամակատար Նիկոլ Փաշինյանի կառավարման յուրաքանչյուր օրը վտանգում է Հայաստանի պետականությունը և ինքնիշխանությունը»,- ասվում է հայտարարությունում:
Մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է։ Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտնել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք մինչ այժմ բաց էին։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր նախագծի հաստատման ավարտը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։