Նախ և առաջ չի կարելի սահմանազատման և սահմանագծման հարցերով զբաղվել այն պարագայում, երբ Արցախի հիմնախնդիրը դեռևս լուծված չէ։ Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց ԱԺ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Նրա համոզմամբ՝ ենթադրյալ ստորագրվելիք փաստաթուղթը հակահայկական է:
«Սրա մասին փաստեց նաև Արտաքին գործերի նախարարությունը։ Այստեղ ակնհայտ հակասություն կա Արտաքին գործերի նախարարության հայտարարության և վարչապետի պաշտոնակատարի ասածների միջև։ Ինչո՞ւ է փաստաթուղթը հակահայկական, որովհետև, եթե սկսվի սահմանազատման գործընթացը Հայաստանի պարտության պայմաններում, նշանակում է՝ զիջող կողմը Հայաստանն է լինելու։ Սկսվելու է Խորհրդային Հայաստանի սահմանների ճանաչման գործընթաց, որը մեծ հաշվով հակահայկական է, որովհետև Խորհրդային Հայաստանի սահմաններն ընդգծվել են ի վնաս մեր երկրի՝ հաշվի չեն առնվել բնակչության թիվը, աշխարհագրական դիրքը և այլ հանգամանքներ։ Չի կարելի Խորհրդային միության վարչատարածքային բաժանումն ընդունել որպես պետական սահման»,-նշեց մեր զրուցակիցը։
Տարոն Սիմոնյանի գնահատմամբ՝ ենթադրյալ ստորագրվելիք փաստաթուղթը միջազգային պայմանագիր է։ Ըստ նրա՝ վարչապետի պաշտոնակատարն իր ստորագրությամբ չի կարող ուժի մեջ դնել այդ պայմանագիրը։
«Մեր վարչապետի պաշտոնակատարը շատ է շտապում, որ մինչև ընտրություն ուժի մեջ դնի այդ փաստաթուղթը։ Այն անվավերության հիմքեր է պարունակում։ Ամեն ինչ անել, որ նման փաստաթուղթն ուժի մեջ մտնի, ոչ միայն սխալ է, այլև հակահայկական է»,- հավելեց ԼՀԿ պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում․
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



