ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ժամը 15:00-ի դրությամբ ստացել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ ուղղված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
Ըստ լրատվամիջոցների՝ նամակում ռուսական կողմը Հայաստանին սպառնացել է միակողմանիորեն կասեցնել կամ չեղյալ հայտարարել գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը։
«Նամակը փոխանցվել է, կուսումնասիրվի, և հայկական կողմն ըստ անհրաժեշտության կարձագանքի»,- նշել են ԱԳՆ-ից։
Այսօր ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անտրամաբանական էր որակել միջազգային գործընկերների հայտարարությունները, թե եվրոպական ուղին ընտրելու դեպքում Հայաստանի համար գազը կարող է թանկանալ։ Նա այդ մասին ասել էր՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի արձագանքները ԵՄ-ին անդամակցելու դեպքում գազի գնի հնարավոր բարձրացման վերաբերյալ:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ ԱԳՆ է ուղարկվել նավթամթերքի մատակարարման վերաբերյալ համաձայնագրի չեղարկման հնարավորության վերաբերյալ ծանուցում այն դեպքում, եթե Երևանը միանա ԵՄ-ին։ Դիվանագետն այսպիսով մեկնաբանել էր ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հայտարարությունը, որ նախարարությունը որևէ նամակ չի ստացել Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունից։
Մոսկվայից հնչող կոշտ քննադատության ֆոնին ՌԴ-ն սահմանափակել էր ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը։ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղիկների ներկրման նկատմամբ, կասեցվել էր «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը։
Ավելի ուշ կասեցրել էր նաև Հայաստանից ներկրված ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը, ինչպես նաև ՌԴ ներկրվող հայկական ելակը հետ էր ուղարկվել Բագրատաշենի անցակետից։
Մայիսի 22-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Եվրամիությանն անդամակցելու որոշման պարագայում Հայաստանը կկորցնի որոշակի արտոնություններ, երկրի համար կսահմանվեն մաքսատուրքեր, ինչպես նաև կփոխվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հայկական իշխանություններին կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ զգուշացրել էր ԵԱՏՄ արտոնությունների հնարավոր կորստի մասին:




































