Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անտրամաբանական է որակել միջազգային գործընկերների հայտարարությունները, թե եվրոպական ուղին ընտրելու դեպքում Հայաստանի համար գազը կարող է թանկանալ։
Նա այդ մասին ասել է Կոտայքի մարզի Գառնի գյուղում նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի արձագանքները ԵՄ-ին անդամակցելու դեպքում գազի գնի հնարավոր բարձրացման վերաբերյալ:
Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչները վերջին օրերին պարբերաբար խոսում են ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև ընտրություն կատարելու անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ միաժամանակ երկու տարբեր տնտեսական միավորումների կազմում գտնվելն անհնար է։
«Հայաստանին գնով սպառնալն անտրամաբանական է, քանի որ երկիրն ունակ է գեներացնել ավելի շատ միջոցներ, որպեսզի այդ թանկացումն անդրադարձ չունենա»,- ասել է նա:
Փաշինյանն արտաքին քաղաքականության մեջ այլընտրանքի բացակայությունն անվանել է «թակարդ» և ընդգծել, որ իշխանություններն արել են ամեն ինչ, որպեսզի քաղաքացիներն ունենան ընտրության հնարավորություն։
Վարչապետը նաև հավաստիացրել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը թույլ կտա Հայաստանին դառնալ խոշոր տնտեսական հնարավորությունների երկիր, որն ի վիճակի կլինի ինքնուրույն ապահովել սեփական բարեկեցությունը։
Ավելի ուշ Աբովյանում Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի 7-ից հետո որևէ խնդիր չի ծագելու, երբ ինքը նայի ԵԱՏՄ գործընկերների աչքերին։ Նա նշել է, որ կվերադառնա աշխատանքի և «բոլոր տագնապալի հայտարարությունները կչեզոքացվեն»։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՀՀ ԱԳՆ է ուղարկվել նավթամթերքի մատակարարման վերաբերյալ համաձայնագրի չեղարկման հնարավորության վերաբերյալ ծանուցում այն դեպքում, եթե Երևանը միանա ԵՄ-ին։ Դիվանագետն այսպիսով մեկնաբանել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հայտարարությունը, ըստ որի նախարարությունը որևէ նամակ չի ստացել Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունից։
Մոսկվայից հնչող կոշտ քննադատության ֆոնին ՌԴ-ն սահմանափակել էր ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը։ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղիկների ներկրման նկատմամբ, կասեցվել էր «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը։
Ավելի ուշ կասեցրել էր նաև Հայաստանից ներկրված ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը, ինչպես նաև ՌԴ ներկրվող հայկական ելակը հետ էր ուղարկվել Բագրատաշենի անցակետից։
Մայիսի 22-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Եվրամիությանն անդամակցելու որոշման պարագայում Հայաստանը կկորցնի որոշակի արտոնություններ, երկրի համար կսահմանվեն մաքսատուրքեր, ինչպես նաև կփոխվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հայկական իշխանություններին կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ զգուշացրել էր ԵԱՏՄ արտոնությունների հնարավոր կորստի մասին:




































