Ադրբեջանը հնարավոր է խզի հարաբերությունները Եվրախորհրդարանի հետ՝ ի պատասխան երկրի նկատմամբ, այսպես ասած, «կողմնակալ դիրքորոշման», հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ադրբեջանը, որը նախկինում փաստացիորեն կասեցրել էր կապերը Եվրախորհրդարանի հետ, ներկայումս քննարկում է կապերը լիովին խզելու հարցը։
Նշվում է, որ նման որոշման համար կարող է հիմք հանդիսանալ «Աջակցություն ժողովրդավարական կայունությանը Հայաստանում» բանաձևի նախագիծը, որը Եվրախորհրդարանը պատրաստվում է ներկայացնել քննարկման առաջիկա օրերին։ Բաքուն կարծում է, որ չնայած Հայաստանին աջակցելու իր հայտարարած նպատակին՝ փաստաթուղթը պարունակում է մի քանի դրույթ, որոնք ներառում են անհիմն մեղադրանքներ և պահանջներ Ադրբեջանի դեմ։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվական պորտալներից մեկը հրապարակել էր Եվրախորհրդարանի բանաձևի նախագծի որոշ մանրամասներ, որտեղ Ադրբեջանն անվանվում է «հիբրիդային սպառնալիքի» աղբյուր Հայաստանի համար։ Նախագիծը նաև պարունակում է Ադրբեջանի դեմ «էթնիկ զտումների» մեղադրանքներ։




































