Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել և խորը վրդովմունք է հայտնել ՀՀ դատախազության կողմից Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրա ելքը Հայաստանից արգելելու փաստի առնչությամբ:
Մայր Աթոռի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ կաթողիկոսի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական, կրում են ընդգծված քաղաքական բնույթ։
«Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու ակնհայտ հակասահմանադրական և հակաօրինական այս կեցվածքով իշխանությունը խոչընդոտում է վեհափառ հայրապետի հովվապետական գործունեությունը։ Այս ամենը նաև անհարգալից վերաբերմունք է միլիոնավոր հավատացյալների և դարավոր այն կառույցի հանդեպ, որը եղել և մնում է հայոց պետականության անսասան հենասյունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մայր Աթոռը կոչ է արել անհապաղ վերանայել կաթողիկոսի, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսի և քարտուղարի նկատմամբ կայացված ապօրինի որոշումները, ինչը պառակտում է հասարակությունը, նսեմացնում հայրենի պետության վարկն ու հեղինակությունը։
Այսօր ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատատախազությունը քրեական հետապնդում է հարուցել կաթողիկոսի նկատմամբ՝ կարգալույծ եպիսկոպոս, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի (օծյալ անունը՝ Գևորգ-խմբ.) հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով և արգելել Գարեգին Բ-ի ելքը Հայաստանից։
Կաթողիկոսը հունվարի 10-ին Սարոյանին ազատել էր պաշտոնից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի ճանաչում այդ որոշումը, իսկ Սարոյանը հայց էր ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ՝ պահանջելով վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնը։ Հունվարի 16-ին դատարանը Սարոյանին վերականգնել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտը, իսկ հունվարի 27-ին կաթողիկոսը նրան կարգալույծ էր հռչակել։




































