Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ֆիրդուս թաղամասի բնակիչներին, եթե նրանք նման ցանկություն հայտնեն։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա պարզաբանել է, որ գերակա շահի ճանաչմամբ սեփականության իրավունքի սահմանափակման նոր կառուցակարգերի համաձայն՝ անցումային փուլում շուկայական արժեքները կարող են վերանայվել նոր սկզբունքներով։
«Կարող է գործել ոչ թե շուկայական արժեք՝ գումարած 15%, այլ շուկայական արժեք՝ գումարած 30% ձևաչափը, օրենսդրական փաթեթների կարգավորումները կարող են տարածվել նաև հետադարձ կերպով այն քաղաքացիների վրա, որոնք ժամանակին այդ հարաբերությունների կողմ էին»,- նշել է նա։
Երևանի Ֆիրդուսի բնակիչները փետրվարի 4-ին բողոքի ակցիա էին կազմակերպել Արդարադատության նախարարության շենքի մոտ։ Նրանք դժգոհել էին, որ գերակա շահ ճանաչված իրենց տները շուկայական գնով չեն գնահատում։ Թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ էր հռչակվել 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվել էր նաև 2018 թվականի մարտի 22-ին:





































