ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը գնահատել է 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր ուժերի հնարավոր համախմբման հեռանկարները։ Նրա համոզմամբ՝ ընդդիմադիր դաշտը կարող է ներկայանալ 3-4 բլոկով։
Նրա խոսքով՝ դրա համար ձևավորվել են անհրաժեշտ նախադրյալներ, որոնք շատ ավելի նպաստավոր են, քան 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
Նրա գնահատմամբ՝ նախորդ ընտրություններին մասնակցած 25 կուսակցության փոխարեն այժմ կարող են հանդես գալ 8-10-ը, իսկ ընդդիմությունը հնարավորություն ունի համախմբվելու 3-4 խոշոր դաշինքների շուրջ։
Քոչարյանը հավելել է, որ տեղեկություններ ունի քաղաքական ուժերի միջև ընթացող բանակցությունների մասին, և փետրվարին պատկերն առավել հստակ կդառնա։
Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի մասնակցությանը՝ նա հաստատել է, որ քաղաքական ուժը հանդես է գալու նաև նոր դեմքերով։ Ինչ վերաբերում է նախընտրական ցուցակը գլխավորող թեկնածուին, Քոչարյանը նշել է, որ իրենք հարցումներ են անցկացնելու՝ որոշելու համար, թե ով կլինի դաշինքի առաջնորդն ընտրություններում։
Նա հավելել է, որ ներկայիս հրապարակումների և հարցումների համաձայն՝ այս պահին ինքն է այն թեկնածուն, որը կգլխավորի ցուցակը, սակայն դեռ պետք է հասկանա, թե որքանո՞վ դա արդյունավետ կլինի ամբողջ թիմի համար։
«Եթե սոցիոլոգիան ցույց տա, որ ես եմ ամենից շատ ձայներ բերողը, ես կլինեմ։ Եթե դաշինքում հայտնվի որևէ մեկը, որը կարող է ավելի շատ ձայներ ապահովել, նա կլինի։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե ես չլինեմ, մեծ բեռից կազատվեի»,- ասել է Քոչարյանը։
Գնահատելով իր գլխավորած խմբակցության աշխատանքը՝ նա նշել է, որ այն դրական է համարում։ Ըստ Քոչարյանի՝ այն ամենը, ինչ հնարավոր էր անել 29 ձայնով, խմբակցությունն իրականացրել է, սակայն հավելել է, որ միշտ էլ կա կատարելագործվելու տեղ։
Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը 2021 թվականին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքներով հավաքել էր 21,09%՝ ստանալով 29 մանդատ:



































