Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման առաջարկությանը, տեղեկանում ենք կառավարության կայքից։
Որոշման համաձայն՝ կանոնադրության ստորագրումը կազմակերպելը լիազորվել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։
Խաղաղության խորհրդի ստեղծման մասին Թրամփը հայտարարել էր հունվարի 16-ին: Այն Գազայի համար ամերիկյան առաջնորդի խաղաղության ծրագրի մի մասն է՝ միջազգային ուժերի տեղակայման հետ մեկտեղ: Bloomberg-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը խնդրում է Խաղաղության խորհրդում մշտական տեղ զբաղեցնելու ցանկություն ունեցող երկրներին վճարել առնվազն 1 մլրդ դոլար: Այն պետությունները, որոնք կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո առաջին տարվա ընթացքում ներդրում կկատարեն, կստանան մշտական անդամակցություն, իսկ մյուսները կնշանակվեն առավելագույնը երեք տարի ժամկետով։
Հունվարի 20-ին Փաշինյանն ընդունել էր Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու Թրամփի առաջարկը, ավելի ուշ Ադրբեջանը նույնպես ընդունել էր ԱՄՆ նախագահի առաջարկը։





































