Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդին միանալու առաջարկը, հայտնել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ Բաքուն ամերիկյան կողմին տեղեկացրել Խաղաղության խորհրդի հիմնադիր պետություն դառնալու իր մտադրության մասին, և անդամակցությունը հաստատող պաշտոնական նամակը կուղարկվի ԱՄՆ-ին։
CBS News-ը գրել է, որ Թրամփի առաջարկած Խաղաղության խորհրդին միանալու մասին համաձայնությունը հաստատել է ավելի քան 10 երկիր։
Սպիտակ տանը հայտնել են, որ երկրները կարող են ներդնել 1 մլրդ դոլար՝ մասնակցության ժամկետը երեք տարուց դարձնելով մշտական անդամակցություն։ CBS News-ի մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ՝ Թրամփը ցանկանում է խորհրդի ստեղծման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման արարողությունն անցկացնել հունվարի 22-ին՝ Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում։
Ըստ CBS News-ի՝ Ֆրանսիան առայժմ մտադիր չէ դրական պատասխան տալ ԱՄՆ-ին։ Financial Times-ը գրել է, որ Մեծ Բրիտանիան նույնպես նախատեսում է հրաժարվել խորհրդին մասնակցելուց։
Խաղաղության խորհրդի ստեղծման մասին Թրամփը հայտարարել էր հունվարի 16-ին: Այն Գազայի համար ամերիկյան առաջնորդի խաղաղության ծրագրի մի մասն է՝ միջազգային ուժերի տեղակայման հետ մեկտեղ: Bloomberg-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը խնդրում է Խաղաղության խորհրդում մշտական տեղ զբաղեցնելու ցանկություն ունեցող երկրներին վճարել առնվազն 1 մլրդ դոլար: Այն պետությունները, որոնք կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո առաջին տարվա ընթացքում ներդրում կկատարեն, կստանան մշտական անդամակցություն, իսկ մյուսները կնշանակվեն առավելագույնը երեք տարի ժամկետով։
Հունվարի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու Թրամփի առաջարկը։





































