Հայաստանում Ազգային ժողովի ընտրությունները տեղի կունենան 2026-ի հունիսի 2-12-ի միջակայքում, հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
Հավանական օրը, ըստ Հովակիմյանի, հունիսի 7-ն է, քանի որ նշված միջակայքում միայն այդ օրն է կիրակի։
Նրա խոսքով՝ եթե ՀՀ նախագահ Վագահն Խաչատուրյանը որոշի իր հրամանագրով այլ օր նշանակել, շղթայական նոր իրավական կարգավորումների խնդիր կառաջանա։ Հովակիմյանը նշել է, որ եթե, օրինակ, աշխատանքային օր նշանակի, լրացուցիչ փոփոխությունների, այդ թվում՝ օրը ոչ աշխատանքային հայտարարելու հարց կառաջանա։
Հովակիմյանի խոսքով՝ թեպետ ամենահավանական օրը հունիսի 7-ն է, այդուհանդերձ, միայն նախագահի հրամանագրի դեպքում կարող են հստակ արձանագրել, թե երբ տեղի կունենան ընտրությունները։
Հովակիմյանը միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ ԿԸՀ-ն միջազգային գործընկերներից ընտրություններին ընդառաջ՝ տեխնիկական վերազինման, նոր գործիքակազմերի ներդրման նպատակով 3 մլն դոլալրին համարժեք գումար է ստանալու։ ԿԸՀ նախագահը տեղեկացրել է, որ UNDP-ի (ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր) հետ փաստաթուղթ են ստորագրել, ինչի շրջանակում 3 մլն դոլարը միայն այս փուլի աջակցության մասին է։
Նրա խոսքով՝ գումարը, հիմնականում, տեխնիկայի թարմացման համար է։ Հովակիմյանը հավելել է, որ ներդնելու են նաև համակարգ, որը թույլ կտա մոնիթորինգի ենթարկել համացանցում վճարովի «հախուռն քարոզչությանը» և համեմատել կուսակցությունների ներկայացրած հաշվետվությունների հետ։

































