Քրեական վարույթով հիմնավորվել է, որ բանակը մասնակցություն է ունեցել մարտիմեկյան իրադարձություններին, այդ ուղղությամբ քննություն է կատարվում, ԱԺ-ում մարտի 1-ի գործի թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ պատասխանելով 2008թ. իրադարձություններին Արցախից զորքերի ներգրավվածության մասին հարցին։
«Նախաքննության շահերից ելնելով՝ թույլ տվեք չկոնկրետացնել՝ որտեղից և որ զորամասից։ Ամեն դեպքում՝ այդ մասնակցությունը հիմնավորվել է և այդ ուղղությամբ քննություն է կատարվում»,- ասել է Նահապետյանը։
Նա հավելել է, որ Մարտի 1-ի գործը փակուղի չի մտել, և խոստացել է, որ օրենքով սահմանված բոլոր միջոցներն ու հնարավորությունները կիրառվելու են՝ գործն ամբողջությամբ բացահայտելու համար։
2008-ի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Երևանում ցույցեր և բախումներ էին տեղի ունեցել փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո։ Իրադարձությունների հետևանքով զոհվել էր 10 մարդ, վիրավորվել էին հարյուրավոր ոստիկաններ, զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Մարտի 1-ի գործը նոր փուլով էր իրականացվել, ինչի արդյունքում մեղադրանքներ էին առաջադրվել այդ ժամանակ պաշտոն զբաղեցրածներին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին, որը 2008-ին ՀՀ նախագահն էր։
2021 թվականի ապրիլին Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր Քրեական օրենսգրքի (2003թ․) 300.1-րդ հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը, առավելագույն պատիժը՝ 15 տարվա ազատազրկում) Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որով այս հոդվածն ուժը կորցրած և Սահմանադրությանը հակասող էր ճանաչվել։
Վճռաբեկ դատարանը 2024-ի սեպտեմբերի 13-ին որոշել էր Քոչարյանի և մյուսների գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության: Վճռաբեկ դատարանը բեկանել էր Քոչարյանի և մյուսների գործը կարճելու վերաբերյալ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և այն անփոփոխ թողնելու Վերաքննիչ քրեական դատարանի որոշումները։


































