«Մեր ձևով» ժողովրդական շարժումը դատապարտել է Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանավորումը:
Շարժումը Պռոշյանի կալանավորումը որակել է ապօրինի և ընդգծել, որ թեմի մյուս հոգևորականների և աշխատակիցների հանդեպ «օրենքի կոպտագույն խախտմամբ իրականացվել են քննչական գործողություններ»։
Հայտարարության մեջ նշվում է, որ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ նման քաղաքականությունը համակարգային և ուղղորդված է:
«Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ սանձազերծված համակարգային և ուղղորդված հարձակումները նպատակ են հետապնդում հարված հասցնել մեր ազգային ինքնությանը և կազմաքանդել մեր ազգային ինստիտուտները։ Հայաստանում իրավապահ մարմինները պետք է զբաղվեն իրենց հիմնական գործառույթներով, և շատ շուտով այդպես էլ լինելու է»,- շեշտել է «Մեր ձևով»-ը։
Հոգևորականների ձերբակալությունների երկրորդ ալիքն սկսվել էր Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ եկեղեցու ներսում առկա խնդիրների, այնուհետ իրեն լռեցնելու մասին գրառումներից հետո: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է կանգնել նրա և եկեղեցու խնդիրները վեր հանող հոգևորականների թիկունքին։ Մինչդեռ Արագածոտնի թեմը քահանային կարգապահական նկատողություն էր հայտարարել, ապա կեղծ որակել նրա հայտարարությունները։
Հոկտեմբերի 15-ին Մայր Աթոռից հայտնել էին Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների և թեմի առաջնորդի տան խուզարկության, այնուհետ նրանց բերման ենթարկելու մասին։ Մայր Աթոռը տեղեկացրել էր, որ բերման են ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդը և 12 հոգևորական։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ կատարվում են գործողություններ՝ հավաքի մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Եպիսկոպոս Պռոշյանին մեղադրանք էր առաջադրվել:
Կարդացեք նաև՝




































