Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիք Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել և արձակուրդ ուղարկել, Armenia Today-ին հայտնել է քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Արձակուրդի ժամկետները քաղաքապետարանից չեն մանրամասնել։
Սեպտեմբերի 16-ին Քննչական կոմիտեից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ Երևանի քաղաքապետարանի մամուլի նախկին քարտուղար Հակոբ Կարապետյանը դիմակավորված անձի կողմից իրեն ծեծի ենթարկելու մասին հաղորդում է ներկայացրել, ինչի հիման վրա քրվարույթ է նախաձեռնվել։ ՆԳՆ-ից հավելել էին, որ կա ձերբակալված։
Կարապետյանը գրել էր, որ իրեն ծեծի ենթարկելուց 2 շաբաթ առաջ ավտոբուսում մի կնոջ տուգանելու մասին ռեպորտաժը Ֆեյսբուքում կիսելուց ու քաղաքային իշխանության վերաբերյալ կից քննադատական կարծիքից հետո Բաբայանն իրենից «կեղտոտ ու անհարգալից բառապաշարով «հաշիվ է պահանջել», ավելի ուշ իր հետ կապ է հաստատել ու «սպառնացել է՝ ասելով՝ «տեղդ ասա, գամ, ոտերդ ջարդեմ»»։





































