Գլխավոր դատախազությունը բողոքարկելու է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու Վերաքննիչ դատարանի որոշումը, հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ դատախազության հայտարարության մեջ հղում է արվել դատավոր Արմեն Դանիելյանի դատական ակտին, որով արձանագրվել է, որ Կարապետյանին մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածը հաստատվում է գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդմամբ:
Դատախազությունից 1lurer.am-ին հայտնել են, որ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Կարապետյանի ձերբակալումը ոչ իրավաչափ գնահատելու փաստը որևէ առնչություն չունի նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատական ակտի օրինականության և հիմնավորվածության հետ:
Ըստ դատախազության՝ Կարապետյանը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նշված ձերբակալումից ազատ է արձակվել, հետագայում նա ձերբակալվել է այլ հիմքով, ինչը կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշմամբ, ինչպես նաև դրա բողոքարկման արդյունքում կայացված դատական ակտով ճանաչվել է իրավաչափ:
Այսօր ավելի վաղ Վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել Կարապետյանի ձերբակալումը։
ՀՀ ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները հունիսի 17-ին խուզարկություններ էին սկսել Կարապետյանի տանը՝ Հայ Առաքելական եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների գործողությունները քննադատելուց հետո։ Հունիսի 18-ից Կարապետյանը երկու ամսով կալանավորվել էր, նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչեր անելու համար: Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում։
Կարդացեք նաև՝




































