Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ապօրինի են ճանաչվել «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանի և նրա քրոջ՝ Լիլիթ Կարապետյանի բնակարաններում կատարված խուզարկությունները, հայտնել է փաստաբան Արմեն Ֆերոյանը։
Դատավորներ Վազգեն Ռշտունին և Արմեն Բեկթաշյանը բավարարել են առաջին ատյանի դատավորներ Դավիթ Արղամանյանի և Մասիս Մելքոնյանի որոշումները վերանայելու վերաբերյալ վերաքննիչ բողոքները, որոնք թույլատրել էին խուզարկել Կարապետյանների ընտանիքի բնակարանները։ Այս դատավորների դատական ակտերը չեղյալ են համարվել։
Փաստաբանի խոսքով՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Վազգեն Ռշտունին և Արմեն Բեկթաշյանը, ըստ էության, փաստել են, որ տվյալ որոշումներով խախտվել են Նարեկ և Լիլիթ Կարապետյանների իրավունքները։
Փաստաբանը հորդորել է պատկան մարմիններին հետագայում զերծ մնալ որևէ ապօրինի գործողությունից։
Հուլիսի սկզբին Վերաքննիչ քրեական դատարանը որոշում էր կայացրել, որ «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի տան հունիսի 18-ի խուզարկությունը անօրինական է։






































