Ծառայողական պարտքը կատարելու կապակցությամբ ծանրացուցիչ հանգամանքներում ՆԳ և ԱԱՆ նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի սպանության համար Արթուր Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, տեղեկացրել է ՔԿ-ն։
Ըստ գերատեսչության՝ դեպքից 27 տարի անց՝ դիակի արտաշիրիմման և նոր դատաբժշկական փորձաքննության արդյունքում ստացված եզրակացությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Մարգարյանը սպանվել է իր թիկնապահ Խաչատրյանի կողմից արձակված հրազենային կրակոցների հետևանքով:
Հիմնավորվել է, որ Մարգարյանը ֆիզիկապես չէր կարող նման հրազենային վնասվածքներ պատճառել ինքն իրեն։
Նոր հանգամանքի հիմքով որոշում էր կայացվել նախկին անհիմն որոշումները վերացնելու և նույն անձին արդեն սպանության հատկանիշով (Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ) որպես մեղադրյալ ներգրավելու համար։
Մարգարյանը 1999թ. փետրվարի 9-ին երկու կրակոցով նախնական տեղեկությամբ ինքնասպանություն էր գործել՝ մեկ անգամ կրակելով գլխին, մի անգամ՝ սրտի շրջանում: Նույն տարում 5-ամսյա կալանքից հետո Մարգարյանի սպանության համար կասկածվող թիկնապահներ Արսեն և Արմեն Խաչատրյաններն ազատ էին արձակվել։ Դատելով գործողություններից՝ գործը, ըստ էության, վերաբացվել էր։




































