Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է եռամսյա տնային կալանքով։
Հակակոռուպցիոն դատարանի կողմից հուլիսի 17-ին հրապարակված որոշման համաձայն Ղուկասյանի նկատմամբ տնային կալանքը կհամակցվի 15 միլիոն դրամ գրավով և բացակայելու արգելքով։
Դատարանը որոշումը հիմնավորել է նրանով, որ վարույթին խոչընդոտելու ռիսկն էապես նվազել է, քանի որ դատաքննության ընթացքում արդեն հարցաքննվել են բոլոր 16 վկաները։ Միևնույն ժամանակ, դատարանը գտել է, որ նոր հանցագործություն կատարելու ռիսկը պահպանվում է, ուստի հանգել է այն եզրակացության, որ անհրաժեշտ է կալանքը փոխարինել ավելի մեղմով, այլ ոչ թե ամբողջությամբ վերացնել խափանման միջոցը։
Ավելի վաղ պետական մեղադրողը խնդրել էր Ղուկասյանի կալանքը երկարաձգել ևս երեք ամսով։
Գյումրու քաղաքապետի նկատմամբ կիրառվել են մի շարք սահմանափակումներ, մասնավորապես, սահմանափակվել է հյուրեր ընդունելը, հեռախոսային խոսակցությունները, նամակագրությունը, այդ թվում՝ լրատվամիջոցների հետ շփումն ու հրապարակային խոսքը, լրագրողներին պարզաբանել է Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
Ըստ նրա՝ կալանքի խափան միջոցի այս փոփոխության միայն կեցության պայմաններ են։
«Եթե նախկինում նա գտնվում էր քրեակատարողական հիմնարկում, ապա այժմ կլինի տանը, բայց առավել խիստ սահմանափակումներով», - նշել է Հայրապետյանը։
Մեկնաբանելով դատարանի որոշումը՝ փաստաբանը նշել է, որ պաշտպանական կողմը խնդրել էր կիրառել վարչական հսկողություն, սակայն դատարանը բավարար է համարել տնային կալանքը։
Նրա համոզմամբ՝ վկաների հարցաքննությունը երկու հանգամանք է բացահայտել։ «Առաջինն այն է, որ վկաների մի խումբն առհասարակ չգիտի, թե ինչու է հրավիրվել դատարան և ինչ գործ է սա։ Երկրորդ՝ վկաների մյուս խումբը (օրինակ՝ այսօր հարցաքննված Հմայակ Գարեգինյանը) ապացուցեց, որ իրականացված գործընթացը պետք է կատարվեր օրենքով սահմանված կարգով։ Այսինքն՝ շինությունը պետք է քանդվեր և նորը կառուցվեր, իսկ ձայնագրություններում նշված ձևական կամ ֆիկտիվ թղթաբանության մասին ձևակերպումներն ամենևին չեն հաստատում մեղադրանքը»,-ընդգծել է Հայրապետյանը։
Նա հավելել է, որ պաշտպանական կողմը մտադիր է դատարանին ներկայացնել լրացուցիչ փաստաթղթային ապացույցներ։
Ղուկասյանն կալանավորվել էր 2025 թվականի հոկտեմբերին՝ կաշառք պահանջելու մեղադրանքով։ Իրավապահ մարմինները քննչական գործողություններ էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, ինչից հետո ձերբակալել էին համայնքի 8 պաշտոնյաների, այդ թվում՝ Ղուկասյանին։ Այս գործով նա արդեն 9 ամիս գտնվում էր կալանքի տակ։
Բացի կոռուպցիոն գործից, Ղուկասյանի նկատմամբ հարուցվել են նաև այլ քրեական վարույթներ։ Մասնավորապես, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար։





































