Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կոնստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցում աշակերտները փորձել են դպրոցը լքել լուսամուտից ցատկելով, նրանցից մեկը տուժել է և հոսպիտալացվել, գրում է Shamshyan.com-ը:
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ դպրոցում դասապրոցեսի ժամանակ, ուսուցիչներից մեկը զայրացել է երեխաների վրա՝ ասելով, որ չի պատրաստվում շարունակել դասը և հեռացել դասասենյակից: Պահակն աշակերտներին թույլ չի տվել գնալ, քանի որ դասաժամը դեռ չի ավարտվել, և նրանք էլ որոշել են հեռանալ պատուհանից ցատկելով, պնդել են ծնողները:
Ըստ լրատվամիջոցի՝ 14 տարեկան աղջիկը գտնվում է շոկային վիճակում և ուժեղ ցավեր է ունեցել ողնաշարի հատվածում, նրան պատրաստվում են վիրահատել։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության խոսնակ Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին հայտնեց, որ ահազանգն ստացել են, դեպքն ուսումնասիրության փուլում է։ Աղջկա առողջական վիճակի մասին նա տեղեկություն չհայտնեց:




































