Էջմիածնում տեղի ունեցած վիճաբանության մասնակիցներից մեկը գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր, նախկին դատավոր Նաիրա Գրիգորյանի որդին՝ Սեյրան Արտակի Պողոսյանն է, հայտնել է Armlur.am-ը։ Ըստ թերթի նա հիվանդանոցում է և նրան վնասվածքներ են հասցրել։
Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, որ միջադեպի հետևանքով կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր դիմել Էջմիածնի բնակիչ 15-ամյա պատանի։ Նշվում էր, որ ահազանգն ստացվել էր մայիսի 14-ին՝ ժամը 10։40-ին։
Ոստիկանները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին էին տեղափոխել էջմիածինցի 18-ամյա երիտասարդի։
«Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչն ու նրա ընկերներն Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոցում վիճաբանել են բուժօգնության դիմած և արդեն ձերբակալված երիտասարդների հետ, որի ընթացքում էլ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն, իսկ 18-ամյա էջմիածինցին մեկնարկային ատրճանակով երկու անգամ կրակել է օդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։






































