Հայաստանյան ընտրողների, հատկապես երիտասարդության կեսի հրաժարումն ընտրական գործընթացներին մասնակցելուց ոչ թե անտարբերություն է, այլ առաջարկվող քաղաքական ձևաչափի գիտակցված մերժում, Armenia Today-ի` «Խոսենք գլխավորի մասին» հաղորդմանը կարծիք է հայտնել սոցիոլոգ, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը։
Փորձագետն անդրադարձել է ներքաղաքական կյանքի խնդիրներին՝ վերլուծելով ընտրական գործընթացների պասիվության խորքային պատճառները, քաղաքական դաշտի գաղափարախոսական ճգնաժամին, հասարակության պառակտման տեխնոլոգիաներին և հայ ընտրողի՝ «ուժեղ առաջնորդի» պահանջարկին։
Երիտասարդների ներգրավվումը քաղաքական գործընթացներում
Անդրադառնալով 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների և ներկայիս քաղաքական զարգացումների վիճակագրությանը՝ սոցիոլոգը շեշտել է, որ բնակչության պասիվությունը պայմանավորված է նրանով, որ քաղաքական վերնախավը երիտասարդներին երբեք չի դիտարկել որպես լիարժեք գործընկերների։
«Հայաստանի անկախացումից հետո որևէ փուլում, օրինակ, երիտասարդներին չի առաջարկվել գալ և կառավարել երկիրը. միշտ առաջարկվել է գալ և քվեարկել, կամ, օրինակ, գալ և ներկայացնել նախագիծ պետության համար։ Եվ այդ իմաստով, այո, երբ մեզ հիշում են պարբերաբար՝ որպեսզի գանք, քվեարկենք և գնանք, դա ձևավորում է հիասթափվածություն, սեփական պետությունում օբյեկտ դառնալու զգացում»,- պարզաբանել է սոցիոլոգը։
Որպես պասիվության երկրորդ պատճառ՝ փորձագետը մատնանշել է այլընտրանքի բացակայությունը։ Նրա դիտարկմամբ՝ իշխանական և ընդդիմադիր ուժերը, իրենց պաստառներով, առաջնորդների տեսքով ու տարիքով, գրեթե չեն տարբերվում միմյանցից, և տպավորություն է, թե նրանք նույն կուսակցության «տարբեր դերասաններ են»։
Աթանեսյանի խոսքով՝ քաղաքական դաշտում հայտնված միջին տարիքի տղամարդիկ, տարբեր հռետորաբանությամբ ու ագրեսիվությամբ, հաճախ փոխանցում են նույն ուղերձները, օրինակ՝ որ TRIPP ռազմավարական շրջանակն անխուսափելի է, ինչի հետևանքով հասարակությունը պարզապես հոգնում է այդ տեղեկատվական հոսքից։
Աթանեսյանի խոսքով՝ բնակչության մի հատվածին բնորոշ է «միջերկրածովյան» կենսակերպը՝ հանգստին և հարմարավետությանը միտված վերաբերմունքով, ինչը դժվարացնում է այդ մարդկանց ներգրավել քաղաքական կամ այլ լուրջ գործընթացներում։ Սոցիոլոգի գնահատմամբ՝ ընտրողների ցածր մասնակցությունից, առաջին հերթին, տուժում են փոքր կուսակցությունները, որոնց համար յուրաքանչյուր ձայն կարևոր է ընտրական շեմը հաղթահարելու տեսանկյունից։
Քաղաքական դաշտի սպառողականացումը և «զրոյական գումարով խաղը»
Աթանեսյանն արձանագրել է, որ հայաստանյան քաղաքական գործիչները հանրության մեջ ձևավորում են զուտ սպառողական մտածողություն։ Նրա խոսքով՝ որևէ ուժ չունի հստակ արժեքային գաղափարախոսություն, և փոխարենն արվում են կենցաղային առաջարկներ՝ քաղաքականությունը նմանեցնելով տոնական օրերին մոլերում տիրող իրավիճակին։ Մինչդեռ, ըստ նրա, պետության կառավարումը շահերի, արժեքների և գաղափարախոսության մասին է։
Միաժամանակ, նրա դիտարկմամբ, հայաստանյան քաղաքականության մեջ շարունակում է իշխել նախորդներին մերժելու կործանարար ավանդույթը, ինչը փորձագետն անվանել է «զրոյական գումարով խաղ»։
«Զրոյական գումարով խաղ է այն, երբ մերժում ենք հինը, կառուցում ենք նորը, բայց հաջորդը նույնն է անում մեր հանդեպ։ Փաշինյանն (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան-խմբ․) սկսեց «նախկինները վատն են խոսույթով», հիմա նոր ընդդիմադիր ուժեր եկան, և ամեն մի նախադասություն իրենց մոտ սկսվում է նրանից, թե ինչքանով է վատը Փաշինյանը»,- նշել է մասնագետը։
«Մենք ժողովրդավար չենք». ինքնաճանաչման և «աուտսորսինգի» անհրաժեշտությունը
Արդյոք Հայաստանը պետք է ընտրի արևմտյան ժողովրդավարությա՞ն, թե՞ արևելյան ավտորիտարիզմի մոդելը. այս հարցին ի պատասխան՝ սոցիոլոգը կոչ է արել դադարել հայացքն այս ու այն կողմ ուղղել և վերջապես նայել հայելու մեջ։
«Մենք դեմոկրատական չենք և չենք ունեցել այն։ 30 տարի է՝ ինչ աշխատում ենք ,և երևի միակ պետությունն ենք, որ մինչև հիմա շատ մեծ հպարտությամբ ասում է՝ մենք անցումային երկիր ենք»,- հայտարարել է պրոֆեսորը։
Նրա գնահատմամբ՝ մեր կենցաղային վարքագիծը, օրենքները շրջանցելու մշակույթը, փողոցային երթևեկությունը, որտեղ մեքենան ավելի արժեքավոր է, քան հետիոտնը, զուտ արևելյան տարրեր են։
Աթանեսյանն այս առումով առաջարկում է օբյեկտիվորեն գնահատել սեփական հնարավորությունները և կիրառել պետական «աուտսորսինգի» (outsourcing) մոդելը։ Ըստ նրա՝ նույնիսկ Ադրբեջանը, գիտակցելով իր թույլ կողմերը, հրավիրեց թուրք խորհրդականներին և գնեց «Բայրաքթարներ»։ Նրա խոսքով՝ Հայաստանը նույնպես պետք է ֆիքսի իր լավ ու վատ կողմերը, այն գործառույթները, որոնք չի կարողանում անել և պատվիրակի օտարերկրյա պրոֆեսիոնալներին։
Առաջնորդության ճգնաժամ. ինչո՞ւ է հայ ընտրողը փնտրում «ուժեղ ձեռք»
Սոցիոլոգը հստակ սահմանազատում անցկացրեց «ղեկավարի» և «առաջնորդի» միջև․ ղեկավարը գործում է ըստ օրենքի ու նորմերի, կանչում է օգնականներին՝ խնդիրը լուծելու համար, և առանց նրա հնարավոր է ապրել, առաջնորդը գործում է ըստ արդարության, ինքն է անձամբ կատարում աշխատանքը, տիրապետում է բոլոր ալգորիթմներին, և առանց նրա հնարավոր չէ։
Հարցին, թե ինչպիսի՞ առաջնորդ է փնտրում հայ ընտրողը, Աթանեսյանը պատասխանել է, որ սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ հանրությունը, չնայած 21-րդ դարն է, դեռևս ուզում է «ուժեղ ձեռք» կամ բռունցք, որը կպաշտպանի երկիրն արտաքին աշխարհում, իսկ ներսում՝ կպատժի յուրայիններին վատ վարքագծի դեպքում։
Նա շեշտել է, որ նորագույն պատմության մեջ մարդիկ այդպիսի կերպարի հետ են ասոցացնում Մոնթե Մելքոնյանին, Վազգեն Սարգսյանին, մասամբ՝ Կարեն Դեմիրճյանին և նախորդ երեք նախագահներին։ Այսօր քաղաքական դաշտում, ըստ փորձագետի, նման առաջնորդների բացակայությունն է, որ ծնում է համատարած ընտրական անտարբերություն։
Մանրամասները՝ տեսանյութում։




































