Ռուսաստանի կառավարությունն առաջիկա ուսումնական տարում ռուսաստանյան բուհերում անվճար ուսուցման համար Հայաստանի դիմորդներին 280 քվոտա է հատկացրել, ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետությունում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունից։
«2026-2027 ուսումնական տարում ՌԴ կառավարության գծով Ռուսաստանի բուհերում անվճար ուսուցման համար Հայաստանի քաղաքացիներին հատկացվել է 280 քվոտային տեղ։ Վերջին տարիներին քվոտաների քանակը կայուն կերպով աճել է։ Եթե 2009 թվականին Հայաստանի համար նախատեսված էր 170 տեղ, ապա այժմ արդեն 280 է։ Ընդ որում՝ 2024, 2025 և 2026 թվականներին քվոտան պահպանվում է ռեկորդային մակարդակի վրա»,- նշել են ներկայացուցչությունից։
Քվոտայով ուսուցման ընտրությանը մասնակցելու համար տարիքային սահմանափակումներ չկան։ Ծրագրին մասնակցում են ինչպես միջին մասնագիտական կրթության, բակալավրիատի և սպեցիալիտետի համար դիմող դպրոցականները, այնպես էլ բուհերի շրջանավարտները, երիտասարդ մասնագետներն ու թեկնածուները, որոնք շարունակում են ուսումը մագիստրատուրայում, օրդինատուրայում, ասպիրանտուրայում կամ լրացուցիչ մասնագիտական կրթության ծրագրերով։
Ներկայացուցչությունից ընդգծել են, որ հայտերի ամենամեծ քանակն ավանդաբար ներկայացվում է բակալավրիատի և սպեցիալիտետի ծրագրերի համար՝ շուրջ 65-70%։ Մագիստրատուրան կազմում է մոտ 25-30%, իսկ մնացած մասը՝ ասպիրանտուրան և օրդինատուրան։ Ամենապահանջված ուղղություններն ավանդաբար մնում են բժշկությունը, տնտեսագիտությունը, իրավագիտությունը, ՏՏ և ինժեներական մասնագիտությունները, ինչպես նաև ստեղծագործական ուղղությունները։ Մեծ պահանջարկ ունեն նաև լրացուցիչ մասնագիտական կրթության կարճաժամկետ ծրագրերը։






































