Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հերքել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե ՌԴ-ն որոշում է ընդունել ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը։
Ըստ ՍԱՏՄ-ի՝ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Նշվում է, որ նման որոշումները կայացվում են միայն երկրների լիազոր մարմինների կողմից և անմիջապես պաշտոնապես տեղեկացվում մյուս երկրի համապատասխան կառույցին:
«Տվյալ դեպքում ՌԴ լիազոր մարմնից՝ Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից («Ռոսսելխոզնադզոր»), ՀՀ լիազոր մարմինը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, որևէ պաշտոնական ծանուցում չի ստացել»,- հավելել են ՍԱՏՄ-ից:
Այսօր ավելի վաղ ԱԳՆ-ն ստացել էր ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ ուղղված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ Ըստ լրատվամիջոցների՝ նամակում ռուսական կողմը Հայաստանին սպառնացել է միակողմանիորեն կասեցնել կամ չեղյալ հայտարարել գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը։
Մոսկվայից հնչող կոշտ քննադատության ֆոնին ՌԴ-ն սահմանափակել էր ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը։ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղիկների ներկրման նկատմամբ, կասեցվել էր «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը։
Ավելի ուշ կասեցրել էր նաև Հայաստանից ներկրված ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը, ինչպես նաև ՌԴ ներկրվող հայկական ելակը հետ էր ուղարկվել Բագրատաշենի անցակետից։





































