«Հրապարակ» օրաթերթը, հղում անելով Պաշտպանության նախարարության իր աղբյուրներին, պնդում է, որ գերատեսչության ղեկավարությունն ու բարձրաստիճան զինվորականներ ճնշում են գործադրում բանակի գնդերեցների վրա՝ նրանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «եկեղեցու բարենորոգման» արշավում ներգրավելու փորձ կատարելով:
Պաշտպանության նախարարությունը հերքել է հրապարակումը՝ այն որակելով կեղծիք։ Նախարարությունից հիշեցրել են, որ «Ազատություն» ռադիոկայանի նմանօրինակ հարցմանն ի պատասխան՝ գերատեսչությունն արդեն հերքել էր այդ տեղեկությունները։
Ըստ հրապարակման՝ բարձրաստիճան սպաները, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, սպառնալիքների կամ ֆինանսական խոստումների միջոցով փորձում են հոգևորականներին դրդել դուրս գալ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ -ի դեմ։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ միայն սակավաթիվ հոգևորականներ են ընդունել առաջարկը՝ բնակարանի և ֆինանսական աջակցության խոստումների դիմաց։ Գնդերեցների մեծամասնությունը, սակայն, մերժել է ներքաշվել քաղաքական գործընթացներում՝ նշելով, որ բանակը պետք է ծառայի պետությանը, այլ ոչ թե իշխող կուսակցությանը, գրում է թերթը։





































