ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը բանակցությունների նպատակով կգործուղվի Մոսկվա, հայտնել է Թրամփը Truth Social-ում։
«Հանձնարարել եմ Ուիտկոֆին հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում, մինչ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ»,- գրել է Թրամփը։
Նա նշել է, որ սկզբնական 28 կետանոց ծրագիրը լրամշակվել է, և մնացել է միայն մի քանի կետ, որոնց վերաբերյալ կան անհամաձայնություններ։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ժամանակը դեռ չի հասունացել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ իր անձնական հանդիպման համար:
«Անհամբեր սպասում եմ նախագահ Վլադիմիր Զելենսկու և նախագահ Պուտինի հետ շուտով հանդիպմանը, բայց միայն այն ժամանակ, երբ այս պատերազմի ավարտի համաձայնագիրը վերջնական լինի կամ գտնվի վերջնական փուլում»,- նշել է նա՝ հույս հայտնելով, որ «խաղաղությունը կհաստատվի որքան հնարավոր է շուտ»։
Թրամփը նաև հայտարարել է, որ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության խաղաղության համաձայնագիրը «շատ մոտ է»։
Ավելի վաղ Դրիսկոլը դրական էր համարել Աբու Դաբիում ռուսական պատվիրակության հետ բանակցությունները։
«Դրիսկոլը և նրա թիմը բանակցություններ են վարել ռուսական պատվիրակության հետ՝ Ուկրաինայում երկարատև խաղաղության հասնելու համար։ Բանակցությունները լավ են ընթանում, շարունակում ենք լավատեսորեն տրամադրվել։ Դրիսկոլը սերտորեն համագործակցում է Սպիտակ տան հետ։ Բանակցությունները շարունակվում են»,- ասել է նրա մամուլի խոսնակ Ջեֆրի Տոլբերտը։
Վաշինգտոնն առաջարկել էր ուկրաինական կարգավորման 28 կետից բաղկացած ծրագիր, որը նախատեսում է Ռուսաստանի կողմից ուկրաինական որոշակի տարածքների ճանաչում, ուկրաինական բանակի նկատմամբ սահմանափակումներ, մի քանի գոտու ապառազմականացում և Կիևի կողմից օտարերկրյա զորքերի տեղակայումից հրաժարում: Որոշ կետեր վերաբերում են ռուսաց լեզվի պաշտոնական կարգավիճակին և ուկրաինական ուղղափառ եկեղեցուն: Փաստաթուղթը նաև անվտանգության երաշխիքներ է տրամադրում Ուկրաինային:



































