Հակակառուպցիոն դատարանը մերժել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին Քերոբյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։
Նրա խոսքով՝ դատարանը նաև հրաժարվել է ձերբակալել մյուս մեղադրյալներին, որոնց գործը քննվում է արդեն հինգ տարի և վերաբերում է ավելի քան տաս տարվա վաղեմության իրադարձություններին։
«Բնականաբար, մեղադրանքը չեմ ընդունում»,- գրել է նախկին նախարարը։
Նոյեմբերի 7-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Քերոբյանի և նույն քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված ևս 8 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան։
ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը նշել էր, որ 9 անձ ձերբակալվել է 2008-2014թթ․ Երևան համայնքին պատկանող շուրջ 73,8 հա մակերեսով հողատարածքները հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում:
Քերոբյանն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնն զբաղեցրել էր 2020-2024 թվականներին։ Պաշտոնանկությունից հետո նրա նկատմամբ քրեական հետապնդում էր հայտարարվել՝ կապված նախարար լինելու ժամանակ իրականացված գնումների գործընթացներում առերևույթ չարաշահումների հետ։ Քերոբյանը մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որի համար 2024-ին 4 ամսով տնային կալանքի տակ էր։






































