«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը զուգահեռներ է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների և 1908 թվականին Օսմանյան կայսրությունում ստեղծված իրավիճակի միջև։
Նա հիշեցրել է Ալիևի այն հայտարարությունը, որ «քարտեզի վրա չկա Սևանա լիճ, կա Գյոյչա, և իրենք պետք է վերադառնան իրենց «պատմական հողեր»։ Ըստ նրա՝ հայ ժողովուրդն ու պետությունը չպետք է վախենան ադրբեջանցիների՝ «ներկայիս Հայաստան» տեղափոխվելուց:
Կարապետյանը նշել է, որ երբ 1908 թվականին Օսմանյան կայսրությունում երիտթուրքերն իշխանության էին եկել, հայ գրեթե բոլոր գործիչները ոգևորվել էին և աջակցում էին նրանց։
«Պայմանավորվել էին, որ հայերը պետք է զինաթափվեն, իսկ դրա դիմաց կստանան քաղաքակիրթ ձևով իրենց կարիքներին հասնելու իրավունք՝ Օսմանյան Թուրքիայի Ազգային ժողովում։ Ով ասում էր, որ չարժե վստահել թուրքերին, հայտարարվում էր հետադիմական։ Հայերը համաձայնվեցին զինաթափվել: Յոթ տարի հետո 1915 թվականն էր»,- հավելել է Կարապետյանը։





































