Մեկնարկել է նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստան-Հունգարիա հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
ՀՖՖ-ն հայտնում է, որ այսօրվանից տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում: Նշվում է, որ ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների համար տոմսերի վաճառքն իրականացվելու է միայն առցանց․ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում:
«Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան-Հունգարիա խաղի ոչ ավելի, քան 2 տոմս: Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը tickets.ffa.am կայքի անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը: Տեղեկացնում ենք նաև, որ տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում»,- ավսում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00-20։00՝ 30 րոպեի ընթացքում: Անվտանգության նկատառումներից ելնելով և կուտակումներից խուսափելու նպատակով ՀՖՖ-ն հորդորում է մարզադաշտ ժամանել խաղից առնվազն 2 ժամ առաջ:
Սեպտեմբերի 6-ին աշխարհի 2026թ․ առաջնության որակավորման փուլի մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում խոշոր՝ 0։5 հաշվով պարտվել էր Պորտուգալիայի ընտրանուն։ Սեպտեմբերի 9-ին կայացած որակավորման փուլի 2-րդ տուրի խաղում 2։1 հաշվով հաղթել էր Իռլանդիային։ Հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը 3-րդ տուրում 0։2 հաշվով պարտվել էր Հունգարիային, հոկտեմբերի 15-ին՝ զիջել Իռլանդիային։
Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի նոյեմբերի 13-ին՝ Հունգարիայի դեմ, որից հետո՝ նոյեմբերի 16-ին, կկայանա Պորտուգալիայի դեմ դիմակայությունը։






































