Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պահանջով աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի 6-րդ տուրի Պորտուգալիա-Հայաստան հանդիպման՝ Հայաստանի հավաքականի երկրպագուների համար նախատեսված սեկտորի տոմսերի վաճառքը կիրականացնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, հայտնում է ՀՖՖ-ն։
Նշվում է, որ հանդիպումը կկայանա Պորտուի «Դրագան» մարզադաշտում։ Հայ երկրպագուների համար նախատեսված է S-50 սեկտորը։
Մեկ տոմսի արժեքը 28 եվրո է՝ ներառյալ հարկերը։ Մեկ անձը կարող է գնել անսահմանափակ քանակի տոմս։ Տոմսերի գնման վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 3-ը՝ ժամը 18:00-ն։ Վճարումն ստանալուց հետո ՀՖՖ-ն էլեկտրոնային հասցեին կուղարկի համապատասխան քանակի տոմսեր:
Սեպտեմբերի 6-ին աշխարհի 2026թ․ առաջնության որակավորման փուլի մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում խոշոր՝ 0։5 հաշվով պարտվել էր Պորտուգալիայի ընտրանուն։ Սեպտեմբերի 9-ին կայացած որակավորման փուլի 2-րդ տուրի խաղում Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթել էր Իռլանդիային։ Հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը 3-րդ տուրում 0։2 հաշվով պարտվել էր Հունգարիային, հոկտեմբերի 15-ին զիջել Իռլանդիային։
Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի նոյեմբերի 13-ին՝ Հունգարիայի դեմ, որից հետո՝ նոյեմբերի 16-ին, կկայանա Պորտուգալիայի դեմ դիմակայությունը։






































