Գյումրիում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին ձերբակալվածների թիվը հասել է 33-ի, Armenia Today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։
ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնել է, որ նրանք ձերբակալվել են զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին սկսել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետ «խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքներով» ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Քննչական գործողություններին զուգահեռ՝ քաղաքապետարանի տարածքում քաղաքացիները փորձել էին թույլ չտալ շենքից դուրս բերել Ղուկասյանին։
Այդ ընթացում մի քանի անգամ իրավապահների ու քաղաքացիների միջև բախումներ էին սկսվել, ինչից հետո քաղաքացիներին բերման էին ենթարկել, այդ թվում՝ «Մեր ձևով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին, որը փորձել էր կանխել ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառումը։ ՔԿ-ն ավելի ուշ քրեական վարույթ էր նախաձեռնել զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, հոկտեմբերի 20-ի՝ դրությամբ ձերբակալվածների թիվը 24 էր։
Ընդդիմությունը Ղուկասյանի նկատմամբ գործողությունները կապում է Միութենական պետությանը սատարող Ղուկասյանի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արված հայտարարության հետ։ Փաշինյանը նշել էր, որ «ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին պետք է ուղղակի դուրս շպրտել քաղաքական և հանրային կյանքից»։
Կարդացեք նաև՝
Թյուրիմացությունը կշտկվի․ Փաշինյանը՝ Ղուկասյանի և Միութենական պետության նրա հայտարարության մասին
Չեմ իջնի իրենց մակարդակին․ Ղուկասյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Նախապատրաստվում են արհեստական հիմքեր՝ Վարդան Ղուկասյանի որդուն կալանավորելու համար․ փաստաբաններ






































