Իշխանությունները կփորձեն կաթվածահար անել Հայ Առաքելական եկեղեցու բնականոն աշխատանքը՝ կաթողիկոսի հրաժարականին հասնելու համար, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ մինչև Վեհափառին հասնելը հնարավոր է Մայր Աթոռի առանցքային հոգևորականների կալանավորվեն, որ եկեղեցու կառավարումը կաթվածահար լինի։ Լրատվականը հիշեցրել է, որ կաթողիկոսի կալանքը չի ենթադրում տիտղոսազրկում, հետևաբար միայն խոչընդոտներ ստեղծելով իշխանություները կարող են ստիպել Գարեգին Բ-ին հրաժարվել պաշտոնից։
Ընդդիմադիր ուժերը, թեիթի տեղեկություններով, , փորձում են բարձրաստիճան հոգևորականների հետ ճշգրտումներ անել՝ ինչպես կարող են խոչընդոտել Վեհափառի և Էջմիածնի դեմ հարձակումը, պարզաբանել է թերթը։
Հոգևորականների ձերբակալությունների երկրորդ ալիքն սկսվել էր Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ եկեղեցու ներսում առկա խնդիրների, այնուհետ «ընդդիմության 2021-ի ցույցերին ստիպողաբար մասնակցելու» հայտարարությունից հետո, որի վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել։
Արագածոտնի թեմը քահանային կարգապահական նկատողություն էր հայտարարել, սեպտեմբերի 17-ին՝ կեղծ որակել նրա հնչեցրած հայտարարությունները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է կանգնել Ասատրյանի և եկեղեցու խնդիրները վեր հանող հոգևորականների թիկունքին։
Հոկտեմբերի 15-ին Ասատրյանի՝ «ցույցերին ստիպողաբար մասնակցելու» հայտարարության քրվարույթի շրջանակում Արագածոտնի թեմի առաջնորդարանում և հոգևորականների տան խուզարկություններից հետո բերման էր ենթարկվել 12 հոգևորական։ Կալանավորվել էին թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Գարեգին քահանա Արսենյանը, թեմի հաշվապահի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։
Կարդացեք նաև՝




































