Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն խստորեն դատապարտել ու անթույլատրելի է համարել հայ հոգևորականների ձերբակալությունը, հայտնում է կաթողիկոսության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կաթողիկոսը մշակութային առաքելությամբ Հայաստանում գտնվող Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանին հանձնարարել է իր մտահոգությունն ու դատապարտումը փոխանցել քաղաքական ու պետական պատասխանատուներին, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Շուտափույթ պետք է վերջ դրվի պետություն-եկեղեցի ներկա վատառողջ վիճակին։ Մեր ազգի ու հայրենիքի գերագույն շահերը պահանջում են, որ մեր ազգի երկու կարևոր սյուների՝ պետության և եկեղեցու հարաբերությունը լինի սերտ և ամուր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կաթողիկոսությունից մանրամասնել են, որ Շահան սրբազանը Փաշինյանի հետ հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպմանն իր մտահոգությունն է հայտնել ներկա կացության մասին և շեշտել պետություն-եկեղեցի գործակցության կարևորությունը։ Միաժամանակ՝ նա բարձրացրել է հոգևորականների ձերբակալության և այդ առումով անհրաժեշտ լուծումներ որոնելու հրամայականի հարցը։
Նշվում է նաև, որ Երևան կատարած այցի շրջանակներում նա Փաշինյանին, նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, Հայաստանի արտգործնախարարին և խորհրդարանի խոսնակին է փոխանցել Արամ Ա-ի գահակալության 30-ամյակի առթիվ հրատարակված գիրքը, նախատեսում է այն նվիրել նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ևս:
Ավելի վաղ կառավարությունն իր հաղորդագրության մեջ չէր հիշատակել, որ Շահան սրբազանը Փաշինյանի հետ խոսել է ՀԱԵ շուրջ իրավիճակի մասին, հայտնել էին, որ նա նվիրել է հատորը և Փաշինյանին փոխանցել կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը։ Այս հաղորդագրությունից հետո քննադատություններ էին սկսվել սոցիալական ցանցերում: «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կոչ էր արել Սարգիսյանի և Փաշինյանի հանդիպումն «ուրիշ ձևով չընկալել», մանրամասնելով, որ Արամ Ա կաթողիկոսն իր հետ զրույցում տեղեկացրել է, որ բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը:





































