Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանը գրառում է կատարել Ինստագրամի իր էջում՝ անդրադառնալով մեր ընտրանու վերջին հանդիպումներին և հույս հայտնելով, որ շուտով մեր ընտրանու հետ բոլորը հաշվի կնստեն։
«Ես հավատում եմ այն պրոցեսին, ինչի միջով հիմա անցնում ենք։ Սա իմ հավաքականն է, այստեղ մեղավորներ փնտրելու փոխարեն մենք աշխատում ենք սխալները ուղղելու վրա։ Մեր մեծ աշխատանքի և միասնականության շնորհիվ մենք շուտով կլինենք հավաքական, որի հետ շատ-շատերը հաշվի կնստեն»,- գրել է նա։
Ավագյանն ընդգծել է, որ չափից շատ էմոցիոնալ խաղերից հետո կարևոր է արագ վերականգնվել և շարժվել առաջ։
«Շնորհակալ եմ մեր երկրպագուներից՝ անմնացորդ նվիրման և աջակցության համար։ Ամեն ինչ փոխադարձ է, իսկ հաղթանակները երկար չեն սպասեցնի»,- գրել է դարպասապահը։
Սեպտեմբերի 6-ին աշխարհի 2026թ․ առաջնության որակավորման փուլի մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում խոշոր՝ 0։5 հաշվով պարտվել էր Պորտուգալիայի ընտրանուն։ Սեպտեմբերի 9-ին կայացած որակավորման փուլի 2-րդ տուրի խաղում 2։1 հաշվով հաղթել էր Իռլանդիային։ Հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը 3-րդ տուրում 0։2 հաշվով պարտվել էր Հունգարիային, իսկ հոկտեմբերի 15-ին նվազագույն հաշվով զիջել էր Իռլանդիային։





































