Քննչական կոմիտեն ձերբակալել է Արագածոտնի թեմի առաջնորդ, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, Armenia Today-ին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Փաստաբանը տեղեկացրել է, որ նրան տանում են կալանքի։
Հոկտեմբերի 15-ի առավոտյան Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից Armenia Today-ին հայտնել էին Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների և թեմի առաջնորդի տան խուզարկության, այնուհետ նրանց բերման ենթարկելու մասին։ Ավելի ուշ ՔԿ-ից Armenia Today-ին մանրամասնել էին, որ կատարում են գործողություններ՝ հավաքի մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Վերջին տվյալներով՝ բերման ենթարկված քահանաների թիվը գերազանցում է 6-ը։
Քրվարույթը հարուցվել էր Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ 2021-ին «ընդդիմության ցույցերին ստիպողաբար և հրահանգով մասնակցելու» վերաբերյալ հայտարարությունների հիման վրա, որի վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել Դանիել Իոաննիսյանի ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորումը»։
Տեր Արամի՝ եկեղեցու ներսում առկա խնդիրների, այնուհետ իրեն լռեցնելու մասին գրառումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է կանգնել նրա և եկեղեցու խնդիրները վեր հանող հոգևորականների թիկունքին։ Սեպտեմբերի 12-ին Արագածոտնի թեմը հայտնել էր քահանային կարգապահական նկատողություն հայտարարելու մասին, սեպտեմբերի 17-ին՝ կեղծ որակել հարցազրույցում նրա հնչեցրած հայտարարությունները։






































