ՀՀ քննչական կոմիտեն կատարում է վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից՝ մեկնաբանելով Արագածոտնի թեմի հոգևորականներին բերման ենթարկելու տեղեկությունը։
Ըստ ՔԿ պատասխանի՝ գործողությունները հավաքի մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում է, որը հարուցվել էր Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ 2021-ին «ընդդիմության ցույցերին ստիպողաբար և հրահանգով մասնակցելու» վերաբերյալ հայտարարությունների հիման վրա։
«Գործողություններն իրականացվում են պաշտոնեական լիազորություններն օգտագործելու կամ հավաքին մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու նպատակով ճնշում գործադրելու, ինչպես նաև դրանում նյութական շահագրգռվածություն ունենալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում»,- տեղեկացրել են ՔԿ-ից:
ՄԻՊ գրասենյակը տեղեկացրել է, որ նշված հարցի վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին զանգ է ստացվել նաև փաստաբանի կողմից: ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Քննչական կոմիտե՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին և ազատությունից զրկելու հիմքերին տեղում ծանոթանալու նպատակով։
Հոկտեմբերի 15-ին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից Armenia Today-ին հայտնել էին Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների և թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տան խուզարկության, այնուհետ նրանց բերման ենթարկելու մասին։ Փաստաբան Արա Զոհրաբյանի տվյալներով՝ ժամը 12։30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը 7-ն է, նրանց թվում է նաև թեմի առաջնորդը, ում գտնվելու վայրը, փաստաբանի խոսքով, հայտնի չէ։ Արագածոտնի թեմի առաջնորդը կաթողիկոս Գարեգին 2-րդի քրոջ որդին է։
Սեպտեմբերի 1-ին Տեր Արամը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել՝ խոսելով եկեղեցու ներսում առկա խնդիրների մասին։ Սեպտեմբերի 2-ին տեղեկացրել էր, որ սպառնալից ակնարկներով փորձել են իրեն լռեցնել։ Սեպտեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է կանգնել Տեր Արամի և եկեղեցու խնդիրները վեր հանող հոգևորականների թիկունքին։ Սեպտեմբերի 12-ին Արագածոտնի թեմը հայտնել էր քահանային կարգապահական նկատողություն հայտարարելու մասին, սեպտեմբերի 17-ին՝ կեղծ որակել հարցազրույցում նրա հնչեցրած հայտարարությունները։



























