44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի նախաբանի ու եզրափակիչ մասի ընթերցումից հետո տպավորություն ունեմ, որ եթե դա (ՀՀ վարչապետ-խմբ․) Նիկոլ Փաշինյանը չի գրել, ապա ակնհայտորեն խմբագրել է, զեկույցի տեքստին ծանոթանալուց հետո հայտարարել է «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Այն տերմինաբանությունն ու համայն աշխարհին ուղղված մեղադրանքները, պիտակավորումները, որոնք արտացոլված են զեկույցում, այս տարիներին հնչեցվել ու տեղ են գտել Փաշինյանի և նրան պատկանող լրատվամիջոցների բառապաշարում»,- ընդգծել է նա:
Աբրահամյանի կարծիքով՝ պատերազմում կրած պարտության և դրանից բխող հետևանքների համար գլխավոր պատասխանատվությունը կրում է կառավարության ղեկավարը։
«Որքան էլ Փաշինյանը փորձել է արդարանալ, պարտության պատասխանատվությունը բաշխել բանակի, ներքին և արտաքին ուժերի ուժերի վրա, նույնիսկ այս փաստաթղթում է ակնհայտ, որ մեր ժողովրդի համար աղետալի էջի ու որպես հետևանք դրան հաջորդած պարտությունների շղթայի գլխավոր պատասխանատուն հենց իշխանության գլխին կանգնածն է` Փաշինյանը»,- ընդգծել է ընդդիմության առաջնորդը։
Նա նշել է, որ կոնկրետ պատերազմական վճռական փուլերի մասին կա´մ հպանցիկ է խոսվում, կա´մ շրջանցվում է։
«Հասկանալի է, որ իշխանությունը հստակ գիտի, որ իր որոշումները, ուշացումով հակաքայլերը, իսկ որոշ դեպքերում` քաղաքական որոշումների բացակայությունները մեր երկրին դիվանագիտական, քաղաքական, ռազմական առումով հրել են դեպի դաժան պարտության»,- հավելել է քաղաքական գործիչը։
Աբրահամյանը հավելել է, որ այսպիսի բանակով պարտվել հնարավոր էր միայն քաղաքական ղեկավարության լիակատար տապալումների, ռազմաքաղաքական իրադրության սխալ գնահատումների, դիվանագիտական ձախողումների և երկրի անվտանգության ապահովման ուղղությամբ քայքայիչ գործողությունների պայմաններում:
Մարտին քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ զեկույցը կհրապարակվի 2025-ի խորհրդարանի լիագումար նիստերում։ Մամուլը սեպտեմբերի 3-ին գրել էր, որ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է ԱԺ նախագահին։ Քոչարյանը նշել էր, թե համաձայն չէ պնդումերին, որ քննիչ հանձնաժողովի զեկույցի ժամկետներ են խախտվել։
Հոկտեմբերի 1-ին ԱԺ նախագահը հատարարել էր, որ զեկույցն ԱԺ լիագումար նիստերում ներառելու իրավական հիմքեր չկան, բայց այն հրապարակվելու է, ավելի ուշ տեղեկացրել էր, որ այն քննարկելու են փակ լսումներում։
Կարդացեք նաև՝
Ժամանակ չենք խախտել․ Անդրանիկ Քոչարյանը՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին
44-օրյա քննիչ հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստ չի գնա․ Ալեն Սիմոնյան




































