Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորման ուղղությամբ և հայտարարել, որ իր երկիրը պատրաստ է անհրաժեշտության դեպքում խաղաղապահներ ուղարկել Գազայի հատված, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։
«Մերձավոր Արևելքից հիանալի նորություններ են գալիս. խաղաղությունը մոտ է։ Իտալիան, որը միշտ աջակցել է ԱՄՆ ծրագրին, պատրաստ է նպաստել հրադադարի ամրապնդմանը, նոր մարդասիրական օգնության հասանելիության ապահովմանը և Գազայի վերականգնմանը մասնակցելուն։ Մենք նաև պատրաստ ենք զորքեր ուղարկել, եթե ստեղծվեն միջազգային խաղաղապահ ուժեր՝ Պաղեստինը վերամիավորելու համար»,- ասել է նա։
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 9-ին համաձայնության են եկել խաղաղության ծրագրի առաջին փուլի շուրջ: Համաձայնագրի շրջանակներում ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել բոլոր պատանդներին, Իսրայելն, իր հերթին, պարտավորվել է զորքերը դուրս բերել համաձայնեցված գծեր։ Ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պատանդները, ենթադրվում է, ազատ կարձակվեն հաջորդ երկուշաբթի։
ԱՄՆ նախագահն այս զարգացումն անվանել էր «երկարատև և կայուն խաղաղության հասնելու առաջին քայլ»։





































